Հոդված 24.2
Հոդված 24.2.
Էթիկայի հանձնաժողովի իրավասությունները
1. Էթիկայի հանձնաժողովը`
ա) Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ.
բ) որոշում է կայացնում պատգամավորի կողմից սույն օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ.
գ) որոշում է կայացնում պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու` սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ.
դ) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած աշխատանքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ.
ե) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած հարցով սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:
2. Էթիկայի հանձնաժողովը կարող է`
ա) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.
բ) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների և դատախազների, պահանջել Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները:
3. Էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:
4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաև ծանոթանալու Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի: Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Էթիկայի հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
(24.2-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)