Հոդված 43. Դռնբաց և դռնփակ նիստերը
Հոդված 43. Դռնբաց և դռնփակ նիստերը
1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:
2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:
3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:
4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։
5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա և տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի, ինչպես նաև ձայնագրման և տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:
6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:
7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական և լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, սահմանադրական դատարանի նախագահը, Կառավարության անդամները, Գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Աշխատակազմի ղեկավարը և նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի հրավիրած անձինք:
8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաև Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով նիստի լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի և քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք:
9. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական և լիազորած ներկայացուցիչների, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:
10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը և դրանց հետ ներկայացված փաստաթղթերը:
11. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:
(43-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն, 19.03.12 ՀՕ-111-Ն)