Հոդված 73. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը
Հոդված 73. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը
1. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:
2. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով, որը դրա վերաբերյալ իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ:
3. Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով և (կամ) առաջարկություններով վերադարձված օրենքը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի՝ սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:
5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է առաջարկել՝
ա) ընդունել օրենքը՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի տեսքով.
բ) օրենքը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել օրենքը՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքով։
7. Եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահի և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչները, որից հետո քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:
8. Եթե սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետով, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության դրված հարցերը չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։
(73-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)