Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը
Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը
1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին և պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունները և պատգամավորական խմբերն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով և Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության և Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով:
3. Խմբակցությանը և պատգամավորական խմբին տրամադրվում է ավտոմեքենա:
4. Խմբակցության և պատգամավորական խմբի գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, պատգամավորական խմբի անդամների աշխատանքին:
5. Մինչև 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և 3 փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար և 4 փորձագետ:
(16-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն)