Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը
Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը
1. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում սույն հոդվածի 1.1 -րդ կետով նախատեսված կարգով թեկնածուների առաջադրման իրավունքը մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը պատկանում է խմբակցություններին:
1.1. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Գխ = Ախ
Պխ +1
որտեղ`
Գխ -ն խմբակցության գործակիցն է,
Ախ -ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,
Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:
Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:
Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել և (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:
2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
3. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.
գ) նա տվել է հրաժարական՝ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:
4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝
ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։
5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում և քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
7. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի և աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշմամբ:
7.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:
7.2. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
8. Հանձնաժողովի նախագահը՝
ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.
բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.
գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.
դ) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.
ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.
ե.1) ներկայացնում է հանձնաժողովը.
զ) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.
է) ղեկավարում է հանձնաժողովի փորձագետների (մասնագետների) աշխատանքը։
ը) հանձնաժողովի, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների.
թ) հանձնաժողովին իրազեկում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.
ժ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների և Աշխատակազմի հետ:
9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։
(26-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, խմբ., լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն)