Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը
Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը
1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:
2. Արտահերթ նիստ գումարելու մասին Հանրապետության Նախագահի կամ Կառավարության նախաձեռնությունը ներառում է արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը և օրակարգային հարցերի նախագծերը:
3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին և Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:
4. Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում: Չորսօրյա նիստերի օրը արտահերթ նիստ կարող է գումարվել ժամը 18.30-ից մինչև 24-ը։ Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:
5. Արտահերթ նիստը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով՝
ա) նիստի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4, իսկ չորսօրյա նիստերի օրերին՝ 3 նիստ.
բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.
գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է, բացառությամբ չորսօրյա նիստերի օրը։
6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:
7. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ նիստի և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
8. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելը Ազգային ժողովում քննարկվում է այդ օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ։
9. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) և գլխադասային հանձնաժողով:
(41-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)