Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը
Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը
1. Բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով, 39-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 4-րդ և 42-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչև օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:
2. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի (բացառությամբ «է» և «թ» ենթակետերի) և 37-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի, ինչպես նաև չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված և երեք հերթական նստաշրջանի ընթացքում չքննարկված հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը՝ դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:
3. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
3.1. Հարցի քննարկումն սկսվում է նիստը վարողի կողմից հարցի, ինչպես նաև դրա զեկուցողների անունների, ազգանունների հայտարարությամբ:
4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի և օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ՝
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին և նրա պատասխանները.
գ) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին և նրա պատասխանները.
ե) մտքերի փոխանակություն.
զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.
է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.
ը) քվեարկություն:
5. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
Եթե Հանրապետության Նախագահը այլ լիազոր ներկայացուցիչ չի նշանակում, ապա սույն օրենքի 73-րդ, 78-րդ, 90-րդ և 93-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը:
5.1. Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ հանդես գալ մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
5.2. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի:
6. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրանց եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:
7. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:
8. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։
9. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝
ա) զեկուցման համար՝ մինչև 20 րոպե.
բ) հարցերի համար՝ մինչև երեքական րոպե.
գ) ելույթների համար՝ մինչև 10-ական րոպե.
դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար՝ մինչև 12-ական րոպե.
ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե։
10. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
11. Իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից արված առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչև մեկ ժամ ընդմիջում:
12. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է շրջանառությունից, ընդ որում՝ չորսօրյա նիստերի, ինչպես նաև հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից, եթե սույն օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
(55-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն, լրաց., փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)