Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի իմաստով.
1. «Ներդրումներ» տերմինը նշանակում է ակտիվի ցանկացած տեսակ մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի կողմից` ստեղծելով ավելացված արժեք տնտեսության համար, և ներառում է, բայց չի սահմանափակվում ակտիվներով կամ իրավունքներով, որոնք բաղկացած են կամ արտահայտված են հետևյալ ձևերով`
ա) բաժնետոմսեր, բաժնեմասեր և բաժնեմասնակցության այլ ձևեր, և պարտատոմսեր, չապահովված պարտատոմսեր, ինչպես նաև ընկերությունում տոկոսային պարտավորությունների այլ ձևեր, ինչպես նաև այլ պարտավորություններ, փոխառություններ ու արժեթղթեր՝ թողարկված Պայմանավորվող կողմի պետության որևէ ներդրողի կողմից,
բ) դրամական պահանջներ և ցանկացած այլ ակտիվների կամ գործողություն կատարելու մասով պահանջներ, որոնք, համաձայն պայմանագրերի, ունեն տնտեսական արժեք,
գ) մտավոր սեփականության իրավունքներ՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով, արտոնագրերով, արդյունաբերական նմուշներով և մոդելներով, տեխնիկական գործընթացներով, նոու-հաուներով, առևտրային գաղտնիքներով, առևտրային անվանումներով և գուդվիլով,
դ) օրենքով, պայմանագրով կամ օրենքի համաձայն տրամադրված ցանկացած լիցենզիայով կամ թույլտվությամբ սահմանված ցանկացած իրավունք՝ ներառյալ բնական պաշարների հետախուզման, ուսումնասիրության, արդյունահանման կամ օգտագործման իրավունքները և ներդրումների հետ կապված այլ տնտեսական կամ առևտրային գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու իրավունքները,
ե) ցանկացած այլ նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ գույք և հարակից գույքային իրավունքներ, ինչպես օրինակ՝ վարձակալությունը, հիփոթեքը, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը և գրավը:
«Ներդրում» տերմինը վերաբերում է նաև վերաներդրման նպատակով պահպանված «հասույթին» և «լուծարումից» ստացված միջոցներին, ինչպես որ այդ տերմինները գործածվում են ստորև:
Ակտիվների և իրավունքների ներդրման կամ վերաներդրման ձևում որևէ փոփոխություն չի ազդում դրանց՝ որպես ներդրումներ բնույթին:
2. Պայմանավորվող կողմի համար «ներդրող» նշանակում է.
ա) ֆիզիկական անձ, որն ունի Պայմանավորվող կողմի ազգություն կամ քաղաքացիություն՝ այդ Կողմի կիրառելի օրենքներին համապատասխան,
բ) ցանկացած իրավաբանական անձ, որը ստեղծվել կամ հիմնադրվել է այդ Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ինչպիսիք են՝ հաստատությունները, զարգացման ֆոնդերը, գործակալությունները, հիմնադրամները և օրենքով ստեղծված այլ հիմնարկներն ու մարմինները, և ընկերությունները:
3. «Ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ վերահսկողության ներքո գտնվող, որը ձևավորվել է մի Պայմանավորվող կողմի պետության օրենքներին համապատասխան կամ պատկանում կամ արդյունավետորեն վերահսկվում է Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից և ներառում է կորպորացիաները, հավատարմագրային կառավարմամբ ընկերությունները, գործընկերությունները, մասնաճյուղերը, համատեղ ձեռնարկությունները, ընկերակցությունները կամ այլ նմանատիպ կազմակերպություններ:
4. «Հասույթ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված գումարները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսքով են դրանք վճարվել և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթը, տոկոսները, կապիտալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և կառավարման վճարները, տեխնիկական աջակցությունը կամ այլ վճարումներ կամ վճարներ, բնեղենով վճարումները` անկախ դրանց տեսակից:
5. «Լուծարում» տերմինը նշանակում է ցանկացած օտարում, որն իրականացվում է ներդրման ամբողջական կամ մասնակի զիջման նպատակով:
6. «Տարածք» տերմինը նշանակում է`
ա) Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության հողային տարածքը, ներքին ջրերը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն՝ իր գործող ազգային օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան,
բ) Իրաքի Հանրապետության համար` Իրաքի Հանրապետության տարածքը, ներառյալ հողային տարածքը, ներքին ջրերը, ինչպես նաև նրա տարածքային ջրերի սահմաններից դուրս ցանկացած տարածք, որը միջազգային իրավունքի համաձայն Պայմանավորվող կողմի օրենքներով սահմանվել կամ կարող է հետագայում սահմանվել որպես մի տարածք, որի նկատմամբ Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն՝ իր գործող ազգային օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան:
7. «Ազատ փոխարկելի արժույթ» նշանակում է ցանկացած արժույթ, որը Արժույթի միջազգային հիմնադրամը սահմանում է, ժամանակ առ ժամանակ, որպես ազատ փոխարկելի արժույթ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հիմնադիր փաստաթղթի համաձայն:
8. «Առանց հետաձգման» նշանակում է այնպիսի ժամանակահատված, որը սովորաբար պահանջվում է վճարումների փոխանցում իրականացնելու նպատակով անհրաժեշտ ձևակերպումները ավարտելու համար: Այս ժամանակահատվածը սկսվում է փոխանցման համար դիմումը ստանալու օրվանից և ոչ մի պարագայում չի կարող գերազանցել մեկ ամիսը: