Հոդված 5
Հոդված 5
Առգրավումը կամ օտարումը
1. ա) Մի Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազգայնացվեն, առգրավվեն, օտարվեն կամ սեփականազրկվեն, կամ ազգայնացմանը, առգրավմանը, օտարմանը կամ սեփականազրկմանը հավասարազոր հետևանքներ ունեցող այլ միջոցների ենթարկվեն (այսուհետ` առգրավում կամ օտարում) մյուս Պայմանավորվող կողմի կողմից՝ բացառությամբ Պայմանավորվող կողմի ներքին կարիքներին վերաբերող հանրային նպատակով՝ նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ և պայմանով, որ այդ միջոցները ձեռնարկվել են ոչ խտրական հիմքերով և ընդհանուր կիրառման ազգային օրենսդրության պատշաճ ընթացակարգով:
բ) Այդպիսի փոխհատուցումը համարժեք է առգրավված կամ օտարված ներդրումների իրական արժեքին, և պետք է որոշվի ու հաշվարկվի միջազգայնորեն ճանաչված գնահատման սկզբունքներին համապատասխան՝ առգրավված կամ օտարված ներդրումի իրական շուկայական արժեքի հիման վրա՝ անմիջապես նախքան առգրավման գործողությունն իրականացնելը կամ նախատեսված առգրավումը կամ օտարումը հանրորեն հայտնի դառնալը՝ որն ավելի վաղ տեղի ունենա (այսուհետ՝ գնահատման ամսաթիվ): Այդպիսի փոխհատուցումը հաշվարկվում է ներդրողի կողմից ընտրված ազատ փոխարկելի արժույթով` գնահատման ամսաթվին այդ արժույթի փոխանակման համար գործող շուկայական տոկոսադրույքի հիման վրա, և ներառում է շուկայում ձևավորված առևտրային տոկոսադրույքը, որը ամեն դեպքում չպետք է պակաս լինի «LIBՕR»-ի գործող տոկոսադրույքից կամ համարժեքից՝ առգրավման ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը:
2. Հետագա որոշակիության համար, առգրավումը կամ օտարումը ներառում է այնպիսի իրավիճակներ, երբ մի Պայմանավորվող կողմը առգրավում կամ օտարում է իր պետության տարածքում գործող՝ ազգային օրենսդրությանը համապատասխան գրանցված կամ հիմնադրված ընկերության կամ ձեռնարկության ակտիվները, որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողը ներդրում ունի՝ ներառյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի, պարտատոմսերի կամ այլ իրավունքների կամ տոկոսների սեփականության միջոցով:
3. Սույն Համաձայնագրի իմաստով՝ «առգրավում կամ օտարում» տերմինը ներառում է նաև Պայմանավորվող կողմի միջամտությունները կամ փաստացի առգրավման բնույթ ունեցող կարգավորիչ միջոցառումները, որոնց հետևանքով ներդրողը փաստացի զրկվում է իր ներդրումների նկատմամբ սեփականությունից, վերահսկումից կամ էական շահույթներից կամ որոնք կարող են հանգեցնել ներդրումների տնտեսական արժեքի կորստի կամ վնասի, ինչպես օրինակ՝ ներդրումների սառեցումը կամ արգելափակումը, ներդրումների մասով կամայական կամ չափից շատ հարկերի սահմանումը, ներդրման ամբողջական կամ մասնակի վաճառքի հարկադրումը և այլ նման միջոցառումներ: