Հոդված 8
Հոդված 8
Վեճերի կարգավորումը Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև
1. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած վեճը կարգավորվում է բարեկամաբար՝ բանակցության և հաշտեցման միջոցով։
2. Եթե վեճը չի կարգավորվում բարեկամաբար, ներքին ոչ դատական պաշտպանության միջոցներն օգտագործելուց հետո, վեճի կողմերից որևէ մեկի գրավոր հարցումը ներկայացնելու ամսաթվից (180) հարյուր ութսուն օրվա ընթացքում, վեճը պետք է կարգավորվի հետևյալ միջոցներից որևէ մեկով՝
ա) հյուրընկալող կողմի ազգային դատարանի միջոցով, կամ
բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎԿՄԿ) միջոցով, որն ստեղծվել է «Կողմերի և մյուս Կողմերի քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի համաձայն, որը բաց է ստորագրման համար Վաշինգտոնում 1965 թվականի մարտի 18–ից (Վաշինգտոնի կոնվենցիա)՝ համաձայն համաձայնագրի հավելվածում նշված դյուրացումների, եթե Կողմերից որևէ մեկը այդ Կոնվենցիայի կողմ չի հանդիսանում, կամ
գ) արբիտրաժային տրիբունալի միջոցով։
Վեճի յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ արբիտր, և այդկերպ նշանակված երկու արբիտրները փոխադարձ համաձայնությամբ ընտրում են երրորդ արբիտրին, ով պետք է երրորդ երկրի քաղաքացի լինի, և այդ երկրի հետ Կողմերը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան, և երկու Կողմերը այդ երրորդ երկրի քաղաքացուն նշանակում են տրիբունալի նախագահ։ Բոլոր արբիտրները նշանակվում են երկու ամսվա ընթացքում այն ամսաթվից հետո, երբ վեճի Կողմերից մեկը տեղեկացնում է մյուս Կողմին, որ ինքը մտադիր է վեճը ներկայացնել արբիտրաժ։
Եթե արբիտրները համաձայնություն ձեռք չեն բերում արբիտրաժի նախագահ նշանակելու հարցում, ապա վեճի Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հաագայում գտնվող Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարին՝ կատարելու անհրաժեշտ նշանակումները՝ պայմանով, որ գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի չլինի, իսկ եթե Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է, ապա առաջարկը ներկայացվում է նրա տեղակալին, եթե նա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:
3. Արբիտրաժային տրիբունալը իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ, և դրա որոշումները պարտադիր են։ Երկու Կողմերը կրում են իրենց կողմից նշանակված արբիտրի հետ կապված ծախսերը, իսկ արբիտրաժի նախագահի և մյուս ծախսերը Կողմերը կրում են հավասար մասնաբաժիններով։
4. Արբիտրաժի որոշումը վերջնական է, և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ընդունում և կատարում է այն՝ իր գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան։
5. Որևէ ներդրող իրավունք չունի հայց հարուցելու հյուրընկալող երկրի դեմ, երբ կայացվում է դատարանի կամ արբիտրաժի՝ վեճին առնչվող վերջնական որոշում։
6. Որևէ ներդրող իրավունք չունի հայց հարուցելու ազգային դատարանում կամ որևէ այլ տրիբունալում վեճի առարկայի մասին իրազեկ լինելու կամ ենթադրաբար իրազեկ լինելու ամսաթվից երեք (3) տարի հետո։
7. Հայաստանի Հանրապետության դեպքում. սույն հոդվածի դրույթները կիրառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա ներդրողը դիտարկվում է որպես այդ երկրի քաղաքացի:
8. Իրաքի Հանրապետության դեպքում. սույն հոդվածի դրույթները կիրառելու նպատակով՝ Իրաքի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա ներդրողը դիտարկվում է որպես Իրաքի Հանրապետության քաղաքացի: