Հոդված 9
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը
1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ հնարավորության սահմաններում կարգավորում են խորհրդակցությունների միջոցով կամ այլ դիվանագիտական ուղիներով:
2. Եթե վեճը չի կարգավորվել վեց ամսվա ընթացքում այն ամսաթվից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից այդպիսի խորհրդակցությունների անցկացման կամ այլ դիվանագիտական ուղիներով վեճը կարգավորելու վերաբերյալ հարցում է ներկայացվել, և եթե Պայմանավորվող կողմերի միջև գրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով, վեճը ներկայացնել հատուկ ստեղծված արբիտրաժային տրիբունալ՝ համաձայն սույն հոդվածի հետևյալ դրույթների:
3. Արբիտրաժային տրիբունալի կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ անդամ, և այս երկու անդամները համաձայնություն են ձեռք բերում որևէ երրորդ Կողմի քաղաքացու՝ Պայմանավորվող կողմերի կողմից արբիտրաժային տրիբունալի նախագահ նշանակելու հարցում։ Այդպիսի անդամները նշանակվում են երկու ամսվա, իսկ արբիտրաժի նախագահը՝ չորս ամսվա ընթացքում այն ամսաթվից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին, որ ինքը մտադիր է վեճը ներկայացնել արբիտրաժային տրիբունալ։
4. Եթե 3-րդ պարբերությունում նշված ժամանակահատվածներում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, եթե չկան այլ պայմանավորվածություններ, առաջարկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին կատարելու անհրաժեշտ նշանակումները։ Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե նա չի կարող կատարել նշված գործառույթը, ապա Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալին է առաջարկվում կատարել անհրաժեշտ նշանակումները։ Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե նա նույնպես չի կարող կատարել նշված գործառույթը, ապա Արդարադատության միջազգային դատարանի անդամին, ով հաջորդն է ավագության սկզբունքով և Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ, առաջարկվում է կատարել անհրաժեշտ նշանակումները:
5. Արբիտրաժային տրիբունալն իր որոշումն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումն ընդունվում է սույն Համաձայնագրին համապատասխան, այն վերջնական է և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է արբիտրաժային տրիբունալի իր նշանակած անդամի, ինչպես նաև արբիտրաժային վարույթում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Արբիտրաժի նախագահի և արբիտրաժային վարույթի հետ կապված ծախսերը երկու Պայմանավորվող կողմերը կրում են հավասար մասնաբաժիններով: Այնուամենայնիվ, արբիտրաժային տրիբունալը, իր հայեցողությամբ, կարող է սահմանել, որ այդպիսի ծախսերի առավել մեծ մասը պետք է իրականացվի մեկ Պայմանավորվող կողմի կողմից: Բոլոր մյուս դեպքերում, արբիտրաժային տրիբունալն է որոշում իր աշխատակարգը: