Հոդված 142
Հոդված 142.
Վաշտի հրամանատարը վաշտի անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է`
- վաշտում կազմակերպել մարտական պատրաստությունը, կազմել շաբաթական պարապմունքների դասացուցակը, պարապմունքներ անցկացնել սպաների, ենթասպաների և սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ, մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել վաշտը.
- ստուգել վաշտի զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների գիտելիքները և գործնական հմտությունները.
- գիտենալ վաշտի յուրաքանչյուր զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը կամ մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով.
- իրականացնել զինվորական ծառայության ընդունվելու կամ զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրությունը.
- զինվորներին և սերժանտներին ներկայացնել հերթական զինվորական կոչմանը, արժանիներին առաջ քաշել զբաղեցնելու թափուր պաշտոնները.
- կազմակերպել անձնակազմի տեղավորումը, վաշտում պահպանել ներքին կարգուկանոնը և զինվորական կարգապահությունը, հետևել իրեն ենթակա զինծառայողների արտաքին տեսքին և կեցվածքին, զինվորական համազգեստ կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.
- կազմակերպել վաշտից նշանակվող օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, վերահսկել նրանց ծառայության կատարումը.
- ամեն շաբաթ ամփոփել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը.
- պարբերաբար ներկա գտնվել վաշտի վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին).
- իմանալ վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը և շահագործման կանոնները.
- կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ճիշտ շահագործումն ու նորոգումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, վիճակը և հաշվառումը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի զննման (ստուգման) արդյունքները գրանցել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի զննման (ստուգման) գրքում (Հավելված 12).
- ամեն անգամ զորավարժությունների դուրս գալիս կամ պարապմունքներից առաջ ստուգել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց առկայությունը զորավարժություններից կամ պարապմունքներից վերադառնալուց հետո, միջոցներ ձեռնարկել աղետները, վթարները, սպառազինության և ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, ապահովել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգության, զորավարժությունների և աշխատանքների անցկացման ժամանակ.
- վաշտի ժամկետային ծառայության զինծառայողներին ժամանակին ապահովել հասանելիք պարենավորումով, հոգ տանել ենթակաների կենցաղի մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետևել նրանց անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը.
- հետևել վաշտին հատկացված բոլոր շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, ինչպես նաև վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը.
- վարել վաշտի անձնակազմի հաշվառումը, միշտ ճշգրտորեն գիտենալ նրա քանակական կազմն ըստ ցուցակի, առկա և բացակա քանակները, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, ամիսը մեկ անգամ համեմատել վաշտի անձնակազմի և նյութական միջոցների հաշվառման տվյալները գնդի հաշվառման տվյալների հետ.
- ղեկավարել վաշտի տնտեսությունը:
(142-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ