Հոդված 17
Հոդված 17
Այն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, որոնցից օգտվում են դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատակիցները, նրանց տրամադրվում են ոչ թե անձնական շահի համար, այլ իրենց լիազորությունների արդյունավետ, անկախ իրականացման (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման) նպատակներով՝ ելնելով Դատարանի շահերից։
Դատավորները, պաշտոնատար անձինք, աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները սույն համաձայնագրով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիություններից օգտվում են Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու պահից դեպի նշանակման վայր մեկնելիս, կամ, եթե նրանք արդեն գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, այն պահից, երբ դատավորները, պաշտոնատար անձինք, աշխատակիցներն անցել են իրենց լիազորությունների (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների) կատարմանը:
Դատավորի, պաշտոնատար անձի կամ աշխատակցի լիազորությունները (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարումը) դադարեցվելու դեպքում նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունները, ինչպես նաև նրանց հետ բնակվող ընտանիքների անդամների արտոնություններն ու անձեռնմխելիությունները սովորաբար դադարեցվում են այն պահին, երբ այդ անձինք հեռանում են Բելառուսի Հանրապետությունից կամ մինչև Բելառուսի Հանրապետությունից հեռանալու համար ողջամիտ ժամկետը լրանալը` կախված նրանից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում: Ընտանիքի անդամների արտոնությունները և անձեռնմխելիությունները դադարեցվում են, երբ նրանք դադարում են լինել դատավորի, պաշտոնատար անձի կամ աշխատակցի ընտանիքի անդամ։ Ընդ որում, եթե այդպիսի անձինք մտադիր են ողջամիտ ժամկետի ընթացքում հեռանալ Բելառուսի Հանրապետությունից, ապա նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունները պահպանվում են մինչև նրանց մեկնելու պահը:
Դատավորի, պաշտոնատար անձի կամ աշխատակցի մահվան դեպքում նրանց ընտանիքի՝ իրենց հետ բնակվող անդամները շարունակում են օգտվել իրենց արտոնություններից ու անձեռնմխելիություններից մինչև այն պահը, երբ նրանք հեռանում են Բելառուսի Հանրապետությունից կամ մինչև Բելառուսի Հանրապետությունից հեռանալու համար ողջամիտ ժամկետի լրանալը` կախված նրանից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում:
Վարչական, քաղաքացիական և քրեական իրավազորությունից դատավորի կամ պաշտոնատար անձի անձեռնմխելիությունները, կապված այն ամենի հետ, ինչ ասվել կամ գրվել է իրենց գործառույթների իրականացման և դատավորի կամ պաշտոնատար անձի դիրքում կատարված բոլոր գործողությունների շրջանակներում, նրանց համար պահպանվում են նաև լիազորությունների դադարեցումից հետո։ Նշված դրույթը գործում է՝ չհակասելով Միության մասին պայմանագրով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված՝ դատավորների կամ պաշտոնատար անձանց համար պատասխանատվություն առաջացնող դեպքերին։
Դատավորները, պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները պետք է պահպանեն Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջները, որոնք առնչվում են տրանսպորտային ցանկացած միջոցի օգտագործմամբ երրորդ անձանց հասցված վնասի ապահովագրությանը։
Դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատակիցներն իրավունք չունեն զբաղվելու ձեռնարկատիրական և անձնական կամ այլ անձանց շահ հետապնդող որևէ այլ գործունեությամբ՝ բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեության։
Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեությունից ստացված եկամուտները ենթակա են հարկման` միջազգային պայմանագրերին և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Դատավորը, պաշտոնատար անձը, աշխատակիցը կարող են զրկվել անձեռնմխելիությունից, եթե անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացումը, և եթե անձեռնմխելիությունից զրկելը չի վնասում այն նպատակները, որոնց առնչությամբ այն տրամադրվել է։
Անձեռնմխելիությունից զրկելն իրականացվում է՝
ա) դատավորի նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից.
բ) պաշտոնատար անձի և աշխատակցի նկատմամբ՝ Դատարանի նախագահի կողմից։
Անձեռնմխելիությունից հրաժարվելն իրականացվում է գրավոր և պետք է հստակորեն արտահայտված լինի։