Հոդված 12. Պետական պահուստից նյութական արժեքները բաց թողնելու հիմքերը և կարգը
Հոդված 12. Պետական պահուստից նյութական արժեքները բաց թողնելու հիմքերը և կարգը
1. Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը իրականացվում է հետևյալ դեպքերում.
ա) թարմացման և փոխարինման.
բ) փոխառնման.
գ) ապաամրագրման։
2. Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը թարմացման և փոխարինման նպատակով իրականացվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը փոխառնման կարգով կատարվում է պայմանագրով, որը կնքվում է լիազորված մարմնի և ստացողի միջև: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, պետական պահուստից նյութական արժեքները բաց թողնելու պայմանները և ժամկետները, դրանց վերադարձման ժամկետներն ու կարգը:
Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազորված մարմինը` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից: Նախատեսված վճարը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:
4. Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը ապաամրագրման կարգով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների:
5. Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բաց թողնելը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը և արժեքը:
6. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(12-րդ հոդվածը լրաց. 29.09.14 ՀՕ-150-Ն)