Հոդված 52. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի գործունեությունը
Հոդված 52. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի գործունեությունը
1. Օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն Հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
Թույլտվությունը տրվում է, կամ դիմումը մերժվում է վերահեռարձակում իրականացնելու համար Հանձնաժողովին դիմելուց հետո` 15-օրյա ժամկետում:
1.1. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որևէ այլ ձևով:
2. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կարող է արտադրել և հեռարձակել Հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
3. Սեփական արտադրության յուրաքանչյուր նոր հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված բովանդակությամբ դիմում և փաստաթղթեր:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը և փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20-օրյա ժամկետում, դրանց քննարկման արդյունքում Հանձնաժողովը տալիս է թույլտվություն սեփական արտադրության հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար կամ կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում:
(52-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-59-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)