Հոդված 27. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
Հոդված 27. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
1. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կառավարման մարմինը Խորհուրդն է:
2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի 4 անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:
3. Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով:
4. Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:
5. Խորհրդի անդամ չեն կարող լինել՝
1) օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը.
2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
3) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցության ղեկավար մարմնում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի: