Հոդված 45.1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը
Հոդված 45.1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը
1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում նաև հեռուստառադիոընկերությունում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:
2. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործունեության մշտադիտարկումը ներառում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:
3. Կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում հեռուստառադիոընկերություններում մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա:
4. Մշտադիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են՝
1) մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը.
2) հեռուստաընկերության կամ ռադիոընկերության լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
3) մշտադիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
4) մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը և իրավական հիմքերը:
5. Հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում մշտադիտարկումն սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին կամ նրան փոխարինող իրավասու այլ անձի:
6. Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հեռուստաընկերության կամ ռադիոընկերության գործունեության վայրում չէ կամ հրաժարվում է ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը և ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա հրամանի պատճենը եռօրյա ժամկետում փոստային առաքման միջոցով ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, որն ստանալուց հետո միայն կարող է իրականացվել մշտադիտարկում: Անհապաղ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանի օրինակը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը փոստային առաքման միջոցով ուղարկվում են հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն մշտադիտարկումն իրականացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
7. Հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով:
8. Մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովի ներկայացուցիչը կազմում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաև դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը:
10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում՝ հեռուստառադիոընկերության տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում՝ Հանձնաժողովի և հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչները:
12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն:
13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել Հանձնաժողով:
14. Հեռուստառադիոընկերությունում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և ստորագրում:
15. Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ մշտադիտարկման իրականացման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվում է հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն:
16. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հեռուստառադիոընկերության ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, և արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին:
17. Եթե հեռուստառադիոընկերության ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է մշտադիտարկման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը:
18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:
19. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացումն ապահովում է Հանձնաժողովը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:
20. Մշտադիտարկման իրականացման ընթացակարգը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է Հանձնաժողովը:
(45.1-ին հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-32-Ն)