Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը.
հեռուստառադիոհաղորդում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.
հեռուստառադիոծրագիր՝ հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջություն.
հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակում (վերահեռարձակում).
հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և (կամ) ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր և պատասխանատվություն է կրում սույն օրենքի և իրավական այլ ակտերի կատարման համար.
լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն` հեռուստառադիոհեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստացած անձ.
հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հաղորդում.
սեփական հեռուստառադիոհաղորդում՝ հաղորդում, որը տնօրինելու և օգտագործելու իրավունքը պատկանում է տվյալ հեռուստառադիոընկերությանը.
բաժանորդային հեռարձակում` հեռարձակում, որը նախատեսված և հասանելի է հեռարձակողի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար.
վերահեռարձակում` այլ հեռուստառադիոընկերության հեռուստառադիոծրագրի միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում այլ լիցենզավորված անձի կողմից.
սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.
լրացուցիչ տեղեկատվություն` հիմնական հաղորդմանը զուգակցող լուսագրային, գրաֆիկական, ձայնային այլ տեղեկատվություն.
պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.
ժեստերի լեզվով թարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ժեստերի լեզվով.
փոխկապակցված անձինք` ամուսին, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ.
մուլտիպլեքս` թվային տեղեկատվության միասնական հոսքում միաձուլված մի քանի հեռուստառադիոծրագրերի և լրացուցիչ տեղեկատվության ամբողջականություն, որը սփռվում է հեռարձակման թվային ցանցի մեկ կապուղով.
մուլտիպլեքսոր` անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի (մուլտիպլեքսների) տարածման և (կամ) հեռարձակման ենթակառուցվածքի (ենթակառուցվածքների) տեխնիկական շահագործումը.
(պարբերությունն ուժը կորցրել է 27.10.17 ՀՕ-152-Ն)
մասնավոր մուլտիպլեքսոր՝ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.
Հանրային մուլտիպլեքսոր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է Հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը.
Հանրային հեռարձակման թվային ցանց՝ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.
տեղական հեռուստաընկերություն՝ մինչև 2015 թվականի հունվարի մեկը գործող և դրանից հետո իր լիցենզիայի պայմանների սահմաններում գործունեությունը շարունակող հեռուստաընկերություն.
մշտադիտարկում՝ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների փաստացի գործունեությունը օրենքին և լիցենզիայի պահանջներին համապատասխան իրականացնելու բացահայտման նպատակով իրականացվող դիտարկում.
ուղղակի դիտարկում՝ հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները դիտելու և տեսաձայնագրելու միջոցով իրականացվող մշտադիտարկում:
(3-րդ հոդվածը փոփ. 28.04.14 ՀՕ-12-Ն, լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն, փոփ. 27.10.17 ՀՕ-152-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-153-Ն)