Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Հոդված 31. Խորհրդի իրավասությունները

գործել է մինչև 2020-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 31. Խորհրդի իրավասությունները

1. Խորհուրդը`

1) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը և հեռուստառադիոծրագրերի (հեռուստաալիքների) թիվը, որը չի կարող պակաս լինել չորսից՝ երկու հեռուստածրագիր և երկու ռադիոծրագիր, առնվազն մեկը ընդհանուր, մյուսը` հոգևոր-մշակութային ուղղվածության.

2) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները.

3) հաստատում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը.

4) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ հեռուստաընկերություններում և ռադիոընկերություններում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում.

5) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.

6) նշանակում և պաշտոնից ազատում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին.

7) հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում է գործադիր տնօրենների տեղակալներին.

8) յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը լսում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.

9) հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.

10) հաստատում է իր կանոնադրությունը և հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կառուցվածքը.

11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.

12) հաստատում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները.

13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.

14) առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.

15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ:

2. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները:

3. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։