Հոդված 38. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին և անդամներին ներկայացվող պահանջները և նրանց վարձատրության կարգը
Հոդված 38. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին և անդամներին ներկայացվող պահանջները և նրանց վարձատրության կարգը
1. Հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, հանդիսանում է զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ:
2. Հանձնաժողովի անդամ չի կարող լինել`
1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
3. Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Հանձնաժողովի անդամները ընտրություններին և հանրաքվեներին մասնակցում են միայն որպես ընտրող:
4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հանձնաժողովի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:
5. Հանձնաժողովի անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:
7. Հանձնաժողովի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: