Հոդված 13. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը
Հոդված 13. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը
1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
2. Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը:
3. Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հանձնաժողով: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
4. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին: Հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով:
5. Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)