Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Փաստաբանի հիմնական իրավունքների և պարտականությունների առանձնահատկությունները

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 20. Փաստաբանի հիմնական իրավունքների և պարտականությունների առանձնահատկությունները

Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ընդունելու, եթե՝

1) այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում.

2) վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից:

Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ

1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև.

2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.

3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.

4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:

Փաստաբանն իրավունք չունի`

1) հայտարարություններ անելու վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.

2) հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության:

Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն:

Փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:

Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:

Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը:

Փաստաբանն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։