Հոդված 24
Հոդված 24.
Փաստաբանի փորձնակը
Հինգ տարի և ավելի փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանն իրավունք ունի ունենալու փորձնակ կամ փորձնակներ։
Փաստաբանի փորձնակ կարող է լինել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որը փաստաբանների պալատի կառույցներում, այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով` անցնում է փորձնակություն մեկից երկու տարի ժամանակով, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձանց։
Փորձնակություն անցնելու, ինչպես նաև փորձնակությունը դադարեցնելու կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։
Փաստաբանի փորձնակն իր գործունեությունն իրականացնում է փաստաբանի ղեկավարությամբ՝ կատարելով նրա փաստաբանական գործունեության հետ կապված առանձին հանձնարարություններ։ Փաստաբանի փորձնակն իրավունք չունի ինքնուրույն զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Փաստաբանի փորձնակն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվության։ Փաստաբանի փորձնակն աշխատանքի է ընդունվում այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով։
Փաստաբանի փորձնակն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի փորձնակի վկայականով, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը։