Հոդված 10
Հոդված 10.
Փաստաբանների պալատի խորհուրդը
Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր մարմինն է:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամն ընտրվում է փաստաբանների կազմից վարկանիշային կարգով գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի: Փաստաբանների պալատի խորհուրդը կազմված է տասնմեկ անդամից և խորհրդի նախագահից:
Փաստաբանների պալատի խորհուրդը՝
1) կազմավորում է որակավորման հանձնաժողովը.
2) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.
3) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների և իրավական այլ ակտերի կատարելագործման ուղղությամբ.
4) կազմում և հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն, ինչպես նաև կազմում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փոխհատուցման ֆինանսական հայտերը.
5) կազմակերպում է փաստաբանների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
6) որոշում է ընդունում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուն հավակնող անձին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.
7) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին` սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով.
8) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին` սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կարգով.
9) մշակում և հաստատում է փորձնակների փորձաշրջանը կազմակերպելու և անցկացնելու կարգը.
10) սահմանում է փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի ու հավակնորդի այլ վճարների չափերը, ինչպես նաև դրանք մուծելու կարգը.
11) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.
12) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ, ինչպես նաև որոշում է ընդունում փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին.
13) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրվում են փաստաբանների պալատի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս։ Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև պալատի խորհրդի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի երեսուն անդամների նախաձեռնությամբ:
Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է անդամներից առնվազն յոթը:
Փաստաբանների պալատի խորհրդի նիստերին փաստաբանների պալատի խորհրդի անդամը քվեարկում է անձամբ:
Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)