Հոդված 13
Հոդված 13.
Փաստաբանների պալատի նախագահը
Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:
Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն յոթ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ:
Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:
Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:
Փաստաբանների պալատի նախագահը`
1) ներկայացնում է փաստաբանների պալատը.
2) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարին և մյուս աշխատողներին.
4) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը.
5) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.
6) տրամադրում է փաստաբանի, փաստաբանի օգնականի և փաստաբանի փորձնակի վկայականներ.
7) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար ունի տեղակալ, որին փաստաբանների պալատի խորհրդի կազմից նշանակում է փաստաբանների պալատի նախագահը: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:
Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է։
Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացմանը։
(13-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն)