Հոդված 17. Կոնվենցիայի կիրարկումը և I ու II հավելվածների փոփոխությունները
Հոդված 17. Կոնվենցիայի կիրարկումը և I ու II հավելվածների փոփոխությունները
1. Ստեղծագործական բնույթի կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» տնօրենների խորհուրդը պատասխանատու է սույն Կոնվենցիայի կիրարկման համար:
2. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ, որը չի հանդիսանում «Եվրիմաժի» անդամ, կարող է ներկայացված լինել և ունենալ մեկ ձայնի իրավունք «Եվրիմաժի» տնօրենների խորհրդում, երբ խորհուրդն իրականացնում է սույն Կոնվենցիայով իրեն վերապահված գործառույթները:
3. Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը խթանելու նպատակով «Եվրիմաժի» տնօրենների խորհուրդը կարող է.
ա) ներկայացնել առաջարկություններ՝ Կողմերի միջև փորձի և լավագույն գործելակերպի փոխանակումը դյուրացնելու նպատակով,
բ) ներկայացնել իր կարծիքը սույն Կոնվենցիայի կատարման և կիրարկման վերաբերյալ ցանկացած հարցի առնչությամբ և ներկայացնել հատուկ առաջարկություններ Կողմերին:
4. Սույն Կոնվենցիայի I և II հավելվածների դրույթների թարմացման նպատակով, որպեսզի ապահովվի դրանց շարունակական համապատասխանությունը կինեմատոգրաֆիկ արդյունաբերությունում ընդհանուր գործելակերպին, դրանցում կարող են առաջարկվել փոփոխություններ ցանկացած Կողմի, նախարարների կոմիտեի կամ ստեղծագործական բնույթի՝ կինեմատոգրաֆիական և տեսալսողական արտադրանքների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» տնօրենների խորհրդի կողմից: Փոփոխությունների առաջարկությունները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվում են Կողմերին:
5. Կողմերի հետ խորհրդակցությունից հետո նախարարների կոմիտեն կարող է 4-րդ կետի համաձայն առաջարկված փոփոխությունն ընդունել Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված ձայների մեծամասնությամբ: Փոփոխություն ուժի մեջ է մտնում մեկ տարի հետո այն ժամկետից, երբ դրանք փոխանցվել են Կողմերին: Այդ ժամանակահատվածում ցանկացած Կողմ կարող է գլխավոր քարտուղարին ծանուցել իր համար փոփոխության ուժի մեջ մտնելու վերաբերյալ ցանկացած առարկության մասին:
6. Եթե Կողմերի մեկ երրորդը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցում է փոփոխությունների ուժի մեջ մտնելու առարկության մասին, ապա փոփոխությունն ուժի մեջ չի մտնում:
7. Եթե մեկ երրորդից պակաս Կողմերը ծանուցում են առարկության մասին, ապա փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք չեն ծանուցել առարկության մասին:
8. Երբ սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն փոփոխությունն ուժի մեջ է մտել, և Կողմը ծանուցել է առարկության մասին, փոփոխությունը տվյալ Կողմի համար ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Կողմը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցել է փոփոխությունն ընդունելու մասին: Առարկության մասին հայտնած Կողմը կարող է ցանկացած ժամանակ այն հետ վերցնել՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
9. Եթե նախարարների կոմիտեն ընդունում է փոփոխությունը, պետությունը կամ Եվրոպական միությունը կարող է չարտահայտել իր համաձայնությունը Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու մասին՝ միևնույն ժամանակ չընդունելով փոփոխությունը: