Հոդված 2
Հոդված 2
Համագործակցության ուղղությունները
1. Կողմերը կիրականացնեն փոխհամագործակցություն հանցագործությունների մասին նախազգուշացման, դրանց հայտնաբերման, կանխման և բացահայտման գործում, իսկ նախ և առաջ`
անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ բռնի հանցագործությունների,
ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման,
սեփականության դեմ ուղղված հանցագործությունների,
կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դրսևորումների,
տնտեսության ոլորտում հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման,
մարդկանց առևտրի, հատկապես` կանանց և երեխաների,
զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի, միջուկային նյութերի անօրինական շրջանառության,
թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և դրանց բաղադրատարրերի, անօրինական շրջանառության,
կեղծ դրամանիշերի, փաստաթղթերի, արժեթղթերի, ինչպես նաև վարկային և վճարման քարտերի և այլ վճարման միջոցների պատրաստման և իրացման,
մտավոր սեփականության իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունների,
մշակութային և պատմական արժեքների գողության և մաքսանենգության հետ կապված հանցագործությունների,
տրանսպորտում հանցագործությունների,
տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների,
ապօրինի միգրացիայի հետ կապված հանցագործությունների:
2. Կողմերը նաև համագործակցելու են հետևյալ ուղղություններով`
հասարակական կարգի պահպանում,
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում,
չճանաչված դիակների և առողջական վիճակի կամ տարիքի պատճառով իրենց անձի մասին տվյալներ հայտնելու համար ոչ ընդունակ անձանց ինքնության պարզում,
Կողմերի գործունեության նյութատեխնիկական ապահովում,
գիտահետազոտական գործունեություն, տեղեկատվական համակարգերի, հատուկ միջոցների, տեխնիկայի և սարքավորումների զարգացում,
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
սպորտային և մշակութային կապերի զարգացում,
պայմանագրային հիմունքով Կողմերի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժման և առողջարանային կազդուրման գործում աջակցության ցուցաբերում: