Հոդված 28. Չափագիտական կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը
Հոդված 28. Չափագիտական կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը
1. Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է՝
1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների արտադրության կամ իրացման արգելմանը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը.
2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին.
3) ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունքներ է տալիս.
4) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի առաքման, իրացման արգելմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ՝ համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:
3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչությանը:
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնում է գլխավոր պետական տեսուչը՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա: