Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 16. Չափման միջոցների տեսակի հաստատման նպատակով պետական փորձարկումների իրականացման կարգը

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 16. Չափման միջոցների տեսակի հաստատման նպատակով պետական փորձարկումների իրականացման կարգը

1. Տեսակի հաստատման նպատակով իրականացվող չափման միջոցների պետական փորձարկումները կատարվում են հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա:

2. Հայտին կից ներկայացվում են՝

1) փորձարկման ենթակա չափման միջոցի երեք նմուշ.

2) տվյալ չափման միջոցի վերաբերյալ տեխնիկական պահանջներ սահմանող նորմատիվ փաստաթուղթ կամ դրա վերաբերյալ սպառիչ տեղեկություն.

3) շահագործման պահանջները սահմանող փաստաթղթերը.

4) ստուգաչափման մեթոդիկան.

5) չափման միջոցի տեսակի նկարագիրը։

3. Հայտի ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, չափման միջոցների փորձարկումների կամ չափագիտական վկայագրման արդյունքների հիման վրա չափագիտության ազգային ինստիտուտը կազմում է տեսակի հաստատման հնարավորության կամ մերժման մասին եզրակացություն:

4. Դրական եզրակացության դեպքում չափագիտության ազգային ինստիտուտը հաստատում է չափման միջոցի տեսակի նկարագիրը և հայտին կից փաստաթղթերի, փորձաքննության և փորձարկման արդյունքների և իր եզրակացության հետ ներկայացնում է չափագիտության ազգային մարմին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո չափագիտության ազգային մարմինը երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում չափման միջոցի տեսակը հաստատելու կամ մերժելու մասին, որի մասին տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման հիմքերը:

6. Աննպատակահարմարության պատճառով չափման միջոցի տեսակի հաստատման մերժումն արգելվում է:

7. Չափման միջոցի տեսակը հաստատելու մասին որոշումն ընդունելուց և հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում, չափագիտության ազգային մարմինը չափման միջոցի հաստատված տեսակը գրանցում է տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում, ձևակերպում և հայտատուին է հանձնում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատը կամ չափման միջոցի չափագիտական վկայագրման մասին վկայականը:

8. Չափման միջոցի տեսակը հաստատված է համարվում տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում գրանցման պահից:

9. Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի և չափագիտական վկայագրման մասին վկայականի ձևերը և գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։