Հոդված 225. Զանգվածային անկարգությունները
Հոդված 225. Զանգվածային անկարգությունները
1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են սպանությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ զանգվածային անկարգությունների կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը՝
պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Հոդված 225.1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը
1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:
(225.1հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-184-Ն)