Հոդված 258. Խուլիգանությունը
Հոդված 258. Խուլիգանությունը
1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: Հոդված 258.1. Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը
(258.1հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն, Ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-184-Ն)