Հոդված 37. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության դադարեցումը
Հոդված 37. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝
ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչև լիցենզիա ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).
բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.
գ) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
դ) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.
ե) լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարվելու դեպքում.
զ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.
է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.
ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է կենտրոնական բանկի՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ կենտրոնական բանկի որոշմամբ պետք է սահմանվեն նաև լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցվելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ: (37-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-244-Ն)