Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ իմաստն արտահայտող հասկացությունները՝

ներքին ջրային ուղիներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) բնական կամ արհեստականորեն ստեղծված ջրային հաղորդակցության ուղիներ, որոնք նշված են նավիգացիոն նշաններով կամ այլ եղանակով, օգտագործվում են նավագնացության նպատակով, և որոնցով, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է նավարկությունն օտարերկրյա պետությունների դրոշների ներքո.

երկկողմ փոխադրումներ՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրումներ, նավի դրոշի մեկ անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի նավահանգիստներ) դեպի մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներ (նավահանգիստներից) քարշակում.

նավապետ՝ անդամ պետություններից մեկի քաղաքացի, որն ատեստավորվել և նշանակվել է այդ պաշտոնում՝ նավի դրոշի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, նավատիրոջ ներկայացուցիչն է, իրականացնում է նավի կառավարումը, այդ թվում՝ նավավարումը, ձեռնարկում է նավարկման անվտանգության ապահովմանը, նավի վրա կարգուկանոնի պահպանմանը, ջրային միջավայրի պաշտպանությանը, նավին, նավի վրա գտնվող մարդկանց և բեռին վնաս հասցնելը կանխելուն ուղղված միջոցներ.

անդամ պետության իրավասու մարմին՝ անդամ պետության` ներքին ջրային տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող մարմին.

հարակից ներքին ջրային ուղիներ՝ ներքին ջրային ուղիների տեղամասեր, որոնք մտնում են միաժամանակ երկու և ավելի սահմանակից անդամ պետությունների տարածքներում տեղակայված մեկ ջրային օբյեկտի ավազանի մեջ.

նավ՝ անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող ցանկացած նավ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ներառված է նավերի ազգային ռեեստրում կամ նավերի այլ համապատասխան պաշտոնական ցանկում, գտնվում է այն անդամ պետության ռեզիդենտի տիրապետման տակ, որը նավը գրանցել է նավերի իր ռեեստրում կամ նավերի այլ համապատասխան պաշտոնական ցանկում, և օգտագործվում է նավագնացության նպատակով։ Նշված հասկացությունը չի ներառում մարզական առագաստանավերն ու զբոսանավերը, ռազմական նավերը, ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավեր.

նավատեր՝ անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր անունից շահագործում է նավը՝ անկախ այն հանգամանքից, թե նա այդ նավի սեփականատերն է, թե այն օգտագործում է այլ օրինական հիմքով.

նավագնացություն՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման, նավերի և լողացող օբյեկտների քարշակման նպատակով նավերն օգտագործելու հետ կապված գործունեություն.

ներքին ջրային ուղիներով տարանցում՝ մեկ անդամ պետության նավերի նավարկումը մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներով՝ առանց մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներում բեռների բեռնման և բեռնաթափման, ուղևորների նստեցման և իջեցման, եթե այդ նավարկումն սկսվում և ավարտվում է անդամ պետության պետական սահմանի հատմամբ.

անդամ պետության լիազորված մարմին՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որի լիազորությանը վերապահված են սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը.

անձնակազմի անդամ՝ ցանկացած անձ, որն ուղերթի ընթացքում նավի վրա անմիջականորեն զբաղված է նավի շահագործման կամ դրա սպասարկման, այդ թվում՝ ուղևորների սպասարկման հետ կապված պարտականությունների կատարմամբ, և որն ընդգրկված է նավի անձնակազմի ցուցակում։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։