Հոդված 114. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը
Հոդված 114. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների մաքսային տարածքում վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներին համապատասխան:
2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան նշված մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը։
4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է վերամշակման ժամկետի երկարաձգման կամ այդպիսի երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, երկարաձգման մերժման դեպքում մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը:
5. Մաքսային մարմինը մերժում է վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ խախտվել են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ ժամկետի երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ:
6. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ: