Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը
Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը
1. Հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե`
ա) հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.
բ) հայտարարատուն մաքսային մարմիններին չի ներկայացնում սույն օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը.
գ) ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն ունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.
դ) ապրանքի ձեռքբերման գինը պայմանավորված է որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել` ելնելով ապրանքի արժեքից.
ե) ապրանքներ տեղափոխող անձի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջացած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին (եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել).
զ) գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը գնորդի և վաճառողի փոխկապակցվածության պատճառով ակնհայտ ցածր է:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«զ» ենթակետերով նախատեսված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 89-94 հոդվածների համաձայն:
4. Սույն հոդվածի նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն կետի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: