Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) բուծող`
ա. անձ, որը ստեղծել, բացահայտել և կատարելագործել է որևէ սորտ,
բ. անձ, որը հանդիսանում է սորտը ստեղծողի, բացահայտողի և կատարելագործողի գործատուն կամ վերջինիս հանձնարարել է տվյալ աշխատանքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով,
գ. անձ, որը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց իրավահաջորդը.
2) բուծողի իրավունք` սույն օրենքով սահմանված բուծողի իրավունքը, որը հավաստվում է բուծողին տրամադրված արտոնագրով.
3) սորտ` բուսաբանական հայտնի տաքսոնների ամենացածր դասի բույսերի նույն տաքսոնի խումբ, որը, անկախ բուծողի իրավունքի տրամադրման պայմանների լիովին բավարարումից, կարող է`
ա. որոշվել տվյալ գենոտիպի կամ գենոտիպերի համակցությունը բնութագրող հատկանիշների արտահայտման աստիճանով,
բ. տարբերվել բույսերի ցանկացած այլ խմբից առնվազն մեկ տարբերակիչ հատկանիշով,
գ. դիտարկվել որպես մեկ ամբողջություն` անփոփոխ վերարտադրության պիտանիության տեսանկյունից.
4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
5) «ՈՒՊՈՎ (UPOV)» (այսուհետ` ՈՒՊՈՎ)՝ Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միություն, որը հիմնվել է 1961 թվականին Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայի կողմից և հետագայում վերանայվել է 1972, 1978 և 1991 թվականների ակտերով.
6) ՈՒՊՈՎ անդամ` 1961 թվականի ՈՒՊՈՎ կոնվենցիայի 1978 թվականի ակտի անդամ պետություն կամ 1991 թվականի ակտի պայմանագրային կողմ հանդիսացող պետություն.
7) սերմնանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.
8) բուսանյութ` սորտի վերարտադրությունից բացի, այլ նպատակով օգտագործվող բույս կամ դրա մաս.
9) քաղաքացիներ` ՈՒՊՈՎ անդամ պետության քաղաքացի կամ ՈՒՊՈՎ անդամ միջպետական կազմակերպության անդամ պետության քաղաքացի:
(2-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-242-Ն)
(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)