Հոդված 23. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեցող անձինք: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերի ներկայացման և քննարկման կարգը
Հոդված 23. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեցող անձինք: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերի ներկայացման և քննարկման կարգը
(վերնագիրը խմբ. 27.12.95 ՀՕ-30)
1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որն իր նախաձեռնության իրավունքն իրականացնում է տարեկան ծրագրերում սույն օրենքի 5 հոդվածով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք իրավունք ունեն պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացնել միայն «փոքր» օբյեկտների համար:
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին:
Սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի ներկայացրած սեփականաշնորհման հայտը քննարկվում է միայն այն դեպքում, եթե այն բովանդակում է տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշումը ձեռնարկության սեփականաշնորհումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական ընկերակցություն (միայն «փոքր» օբյեկտների համար), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշումը ձեռնարկության սեփականաշնորհման մասին:
Լիազորների ժողովին կամ կոնֆերանսին որպես ներկայացուցիչ պետք է ընտրվեն ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, բայց ոչ պակաս, քան 10 աշխատողին 1 ներկայացուցիչ: Ժողովին (լիազորների ժողովին կամ կոնֆերանսին) պետք է ներկա գտնվի ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների (ներկայացուցիչների) առնվազն 2/3-ը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել ներկա գտնվողների առնվազն 3/4-ը: Որոշումը կայացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
4. Ձեռնարկությունը այլ անձանց սեփականաշնորհելու իրավունք ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը պետք է գրավոր առաջարկի «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվին օգտվելու սեփականաշնորհման նախապատվության իր իրավունքից:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինի գրավոր առաջարկը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացնի ձեռնարկությունը սեփականաշնորհելու ցանկության մասին իր հայտը կամ նույն կարգով հրաժարվի սեփականաշնորհումից:
Նշված ժամկետում հայտը կամ սեփականաշնորհումից հրաժարվելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին չներկայացնելու դեպքում վերջինս կարող է որոշում նախապատրաստել սույն օրենքով սահմանված կարգով տվյալ ձեռնարկությունը այլ անձանց սեփականաշնորհելու մասին:
5. «Փոքր օբյեկտների» սեփականաշնորհման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը պետք է քննարկի դրանք ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և հայտի պաշտոնական գրավոր պատասխանը ուղարկի հայտ ներկայացնող անձանց:
6. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ.
բ) եթե տվյալ «Փոքր» օբյեկտի սեփականաշնորհումը արգելված է ծրագրով.
գ) եթե հաշվի չեն առնված տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
Սեփականաշնորհման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
7. Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որում պետք է նշված լինեն`
նոր ստեղծված ձեռնարկության կազմակերպական-իրավական ձևը և նրա ստեղծման առանձնահատկությունները,
սեփականաշնորհման համար անհրաժեշտ նախապատրաստական գործողությունների բովանդակությունը, դրանց իրականացման ժամկետները և կատարողները,
պետական գույքի ետգնման կարգը և ժամկետները,
տրամադրվող զեղչերը և արտոնությունները,
պետական բաժնեմասի տնօրինման կարգը (եթե այն պահպանվելու է),
պետության ներկայացուցիչը, եթե պահպանվում է պետական բաժնեմասը,
ձեռնարկության արտադրական և սոցիալական զարգացման ֆոնդերի տնօրինման կարգը,
պետական գույքի գնահատման պայմանները և գնահատումը իրականացնող մարմինը,
անհրաժեշտության դեպքում` հատուկ պայմանները (գնագոյացման կարգը, բաժնեմասերի և բաժնետոմսերի քանակի, առանձին անձանց մասնակցության, գործունեության բնագավառները և այլ սահմանափակումներ, փոխհարաբերությունները պետական մարմինների հետ և այլն):
(23-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 27.12.95 ՀՕ-30)