Հոդված 24. Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման
Հոդված 24. Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման
1. Սեփականաշնորհմանը ձեռնարկության նախապատրաստումը ձեռնարկության սեփականաշնորհմանը նախորդող այն անհրաժեշտ գործողությունների իրականացումն է, առանց որոնց սեփականաշնորհումը չի կարող տեղի ունենալ:
Ձեռնարկությունը սեփականաշնորհման նախապատրաստող գործողությունների բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, ելնելով ծրագրից, իսկ իրականացնում են այդ մարմնի կողմից նշանակված համապատասխան հանձնաժողովները կամ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և պետական կառավարման տեղական մարմինները:
2. Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման կարող է բովանդակել.
ձեռնարկության հիմնական և շրջանառու ֆոնդերի գույքագրումը, նրա ֆինանսական վիճակի վերլուծությունը և կարգավորումը,
ձեռնարկության վերակազմավորումը (բաժանումը, միացումը այլ ձեռնարկությունների հետ, առանձնացումը գործող ձեռնարկության կազմից),
ձեռնարկությունում զբաղվածության կառուցվածքի փոփոխությունները,
ձեռնարկության կամ նրա առանձին ստորաբաժանումների լուծարումը:
3. Ձեռնարկության ֆինանսական վիճակի կարգավորումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացման հիման վրա և կարող է բովանդակել ձեռնարկության գույքի վերագնահատումը դրա մի մասի դուրսգրմամբ, ինչպես նաև ձեռնարկության պարտավորությունների կամ դրանց մի մասի մարումը, վճարումների հետաձգումը, նպատակային վարկավորումը, ինչպես նաև այլ ձեռնարկությունների միջոցների օգտագործմամբ ֆինանսական կարգավորումը:
4. Ձեռնարկության վերակազմավորումը այլ ձեռնարկությունից առանձնացնելու, այլ ձեռնարկության հետ միաձուլելու կամ ձեռնարկությունների միավորում ստեղծելու ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացման հիման վրա այն դեպքում, երբ`
հնարավոր չէ ձեռնարկության սեփականաշնորհումը որպես ամբողջական միավոր,
հնարավոր չէ ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների սեփականաշնորհումը միևնույն ձևով կամ եղանակով,
անհրաժեշտ է վերացնել տվյալ ձեռնարկության մենաշնորհային դրությունը դրա սեփականաշնորհումից առաջ.
անհրաժեշտ է հասնել արտադրական և տեխնոլոգիական ամբողջականացման կամ արտաքին շուկայում ամրապնդել արտադրանքի մրցունակությունը:
5. Սեփականաշնորհմանը նախապատրաստելու հետևանքով զբաղվածության կառուցվածքի փոփոխման պատճառով աշխատանքը կորցրած անձինք համարվում են պետական ձեռնարկության լուծարման պատճառով աշխատանքը կորցրած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն նպաստ ստանալ աշխատանքից ազատվելու կապակցությամբ:
(24-րդ հոդվածը փոփ. 27.12.95 ՀՕ-30)