Հոդված 8. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց մասնավորեցումը
Հոդված 8. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց մասնավորեցումը
Պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսն անհատույց մասնավորեցվում է պետական ձեռնարկության այն աշխատողներին, ովքեր այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ և ցանկություն են հայտնել մասնակցելու մասնակի անհատույց մասնավորեցմանը:
Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցում են նաև`
ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ.
բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, ովքեր ծառայության ընթացքում ստացած վնասվածքների կամ հիվանդությունների հետևանքով ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք.
գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները` օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ պատճառով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով` տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ.
զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները:
Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) կամ մասնակի անհատույց մասնավորեցման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց մասնավորեցմանը կարող են մասնակցել նաև`
ա) արտադրական վնասվածքի հետևանքով տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին կորցրած և այդ ձեռնարկությունից փոխհատուցում կամ կենսաթոշակ ստացող անձինք.
բ) տվյալ ձեռնարկությունից կենսաթոշակի անցած և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում առնվազն տասը տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուները:
Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում:
Մասնակի անհատույց մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում չեն կարող ընդգրկվել «փոքր» օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատած ցանկում նշված ձեռնարկությունները:
Մասնակի անհատույց մասնավորեցման ենթարկվելու մասին իր ցանկությունը պետական ձեռնարկությունը հաստատում է իր աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
Մասնակի անհատույց մասնավորեցումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը, եթե օրենքով առանձին ձեռնարկությունների վերաբերյալ այլ ժամկետ սահմանված չէ:
(8-րդ հոդվածը փոփ. 02.10.24 ՀՕ-355-Ն)
(02.10.24 ՀՕ-355-Ն օրենքն ունի անցումային դրույթ)