Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

1. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե նա ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով կամ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած՝ Ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

4. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ Ծառայության և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

5. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում Ծառայության սխալի հետևանքով անձին վճարված ֆինանսական միջոցները վերադարձնում է սխալը թույլ տված պաշտոնատար անձը (անձինք)` Ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

6. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման միանվագ` Ծառայության հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների խախտումը թույլ տալու դեպքում` մեկ ամսյա ժամկետում, ընդ որում` գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-225-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-417-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։