Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և աշխատանք փնտրող անձի հաշվառումից հանումը
Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և աշխատանք փնտրող անձի հաշվառումից հանումը
(վերնագիրը լրաց. 22.06.15 ՀՕ-81-Ն)
1. Ծառայության կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է Ծառայության կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Ծառայությունը կասեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:
4. Ծառայությունը գործազուրկի կարգավիճակը վերականգնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:
5. Ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`
1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.
2) լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.
3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.
4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.
5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.
6) գործազուրկը անհարգելի պատճառով Ծառայության հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` Ծառայություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
8) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների.
9) գործազուրկը մահացել է:
6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է Ծառայության ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:
(9-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-81-Ն, 16.12.16 ՀՕ-228-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-417-Ն)