Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) զբաղվածություն` Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները.

2) աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն).

3) գործազուրկ` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Ծառայությունում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ.

4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`

ա. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Ծառայության կողմից,

բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Ծառայության կողմից,

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Ծառայության կողմից.

5) (կետն ուժը կորցրել է 11.07.23 ՀՕ-247-Ն)

6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները և այդ անձի ցանկությունները.

7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող և տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

8) նոր ստեղծվող աշխատատեղ`գործատուի կողմից Ծառայություն կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.

9) զբաղվածության պետական ծրագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող ծրագրեր և մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաև գործատուներին և սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում Ծառայության հետ համագործակցության շրջանակներում.

10) կայուն զբաղվածություն` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության միջոցով աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշներն ու չափորոշիչները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածություն, որի չափանիշները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող և իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները և դրանց կատարողականը.

13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաև իրեն դիմած և (կամ) Ծառայության կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

14) զբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով.

15) աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:

(4-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-81-Ն, փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։