Հոդված 6. Հարմար աշխատանքը
Հոդված 6. Հարմար աշխատանքը
1. Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:
2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել Ծառայություն դիմելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, տեղավորել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը:
2.1. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
3. Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող՝ աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` Ծառայության կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում:
4. Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
5. Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
(6-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-81-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-417-Ն)