Հոդված 121. ՔՆՆՉԱԿԱՆ և ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 121. ՔՆՆՉԱԿԱՆ և ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Քննչական և դատական գործողությունների արձանագրությունները սույն օրենսգրքով նախատեսված գրավոր կազմված փաստաթղթեր են, որոնք հաստատում են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջականորեն ընկալված, քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:
2. Որպես ապացույց կարող են օգտագործվել սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կատարված հետևյալ քննչական և դատական գործողությունների արձանագրությունները.
1) զննության.
2) քննման.
3) ճանաչման ներկայացնելու.
4) արտաշիրիմման.
5) առգրավման.
6) խուզարկության.
7) գույքի վրա կալանք դնելու.
8) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու.
9) հեռախոսային խոսակցությունները լսելու.
10) նմուշներ ստանալու.
11) քննչական փորձարարության:
3. Որպես ապացույց կարող են օգտագործվել նաև կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ ընդունված բանավոր հայտարարությունների, մեղայականով ներկայանալու, ձերբակալման, անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանման առիթով կազմված արձանագրությունները:
4. Քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով: