Հոդված 375.20. Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող նախաքննությունը
Հոդված 375.20. Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող նախաքննությունը
1. Սույն օրենսգրքի 375․19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում քննիչը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Այդ որոշումը կարող է կայացվել մինչև նախաքննության ավարտը:
2. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:
3. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո անհապաղ քննիչն այդ որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև դատավարության մասնակիցներին:
4. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաև գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու և այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետևանքները: Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան:
5. Եթե մինչև հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելը մեղադրյալին մեղադրանք չի առաջադրվել, ապա մեղադրանք առաջադրելու՝ սույն օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետն սկսում է հոսել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով քրեական գործով վարույթին պաշտպան ներգրավելու պահից:
6. Մեղադրանքն առաջադրված է համարվում որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քննությունից խուսափող մեղադրյալի պաշտպանին տրամադրելու, ինչպես նաև նրան դրա էությունը բացատրելու պահից: Այդ գործողությունների կատարումը հաստատվում է համապատասխան արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը և պաշտպանը:
7. Մեղադրանք առաջադրելու պահից սկսած՝ մեղադրյալի՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներն իրականացվում են միայն պաշտպանի միջոցով: Մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում:
8. Պաշտպանը կարող է ընդունել դեպքի հետ մեղադրյալի առնչությունը կամ նրա մեղավորությունը դրա կատարման մեջ միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին գրավոր, հստակ և պատշաճ ձևով տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին: