Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-30-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ

Հոդված 207. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 207. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել` պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

2. Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի կամ որակավորված հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

3. Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին և մանկավարժին կամ որակավորված հոգեբանին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:

4. Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

5. Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին կարող է հարցեր տալ հոգեբանը:

6. Անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին հարցերը հոգեբանի կողմից, որպես կանոն, տրվում են հետևյալ դեպքերում.

1) սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

2) ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ գործերով.

3) երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ գործերով.

4) անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու կամ հոգեկան խնդիր ունենալու դեպքում.

5) մինչև 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության դեպքում:

7. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կարող է տեսաձայնագրառվել: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը պարտադիր է:

8. Հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ քննիչը լսում է հարցաքննության մասնակիցների կարծիքները՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննության մասնակիցների կարծիքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Մասնակիցները հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ կարծիք չեն հայտնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

9. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության վայրի ընտրությունն իրականացվում է՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:

(207-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։