Հոդված 218. ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 218. ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը, ընթերակաների մասնակցությամբ:
2. Քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները: Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում կատարում լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում և այլ տեսակի ամրագրում, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող նշված փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:
3. Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
4. Քննիչն իրավունք ունի զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային:
5. Զննումն ավարտվելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է այն ամենը, ինչ հայտնաբերվել է, և այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ քննչական գործողության կատարման ժամանակ տարվել են հայտնաբերվածի դիտարկումները:
6. Արձանագրությունն ստորագրում են քննիչը և քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները: