Հոդված 7. Թիկնապահական և պահնորդական գործունեության իրականացումը
Հոդված 7. Թիկնապահական և պահնորդական գործունեության իրականացումը
1. Թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացնում են տվյալ գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք` սույն օրենքով նախատեսված թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու միջոցով:
2. Թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացնելիս կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները.
1) ֆիզիկական անձի կյանքի և առողջության պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից (այդ թվում` զենքի օգտագործմամբ).
2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ և շարժական գույքի, տարածքի պահպանությունը.
3) պահպանվող օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը.
4) հատուկ կապի և տրանսպորտային միջոցների տրամադրումը:
3. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է իրականացնել նաև հատուկ կապով և տրանսպորտային միջոցով սպասարկում:
4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց և երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ- թիկնապահը):
5. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի մատուցելու թիկնապահական կամ պահնորդական ծառայություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց:
6. Թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելիս թիկնապահները (պահնորդները) պետք է կրեն միասնական համազգեստ միայն աշխատանքային ժամերին: Դրանք պետք է տարբերվեն հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի աշխատողների համազգեստից:
Միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը հաստատում է թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը:
7. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդներն իրավունք չունեն պաշտոններ զբաղեցնելու կամ աշխատելու այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր:
8. Սույն հոդվածի պահանջները չկատարելը հիմք է տվյալ կազմակերպությանը թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման: