Հոդված 7. Թիկնապահական և պահնորդական գործունեության իրականացումը
Հոդված 7. Թիկնապահական և պահնորդական գործունեության իրականացումը
1. Թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացնում են տվյալ գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք` սույն օրենքով նախատեսված թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու միջոցով:
2. Թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացնելիս կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները.
1) ֆիզիկական անձի կյանքի և առողջության պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից (այդ թվում` զենքի օգտագործմամբ).
2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ և շարժական գույքի, տարածքի՝ կայուն պահակետով կամ տեսահսկման և ահազանգման համակարգերի միջոցով պահպանությունը և արագ արձագանքումը.
3) պահպանվող օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը.
4) հատուկ կապի և տրանսպորտային միջոցների տրամադրումը:
3. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է իրականացնել նաև հատուկ կապով և տրանսպորտային միջոցով սպասարկում:
4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի` տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը): Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով:
5. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի մատուցելու թիկնապահական կամ պահնորդական ծառայություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց:
6. Թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելիս թիկնապահները (պահնորդները) պետք է կրեն միասնական համազգեստ միայն աշխատանքային ժամերին: Դրանք պետք է տարբերվեն հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի աշխատողների համազգեստից:
Միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը հաստատում է թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը:
7. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդներն իրավունք չունեն պաշտոններ զբաղեցնելու կամ աշխատելու այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր:
8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երկու կամ ավելի անգամ չկատարելը հանգեցնում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ նաև` Լիազոր մարմին) կողմից: Սույն հոդվածով սահմանված մյուս պահանջները չկատարելը հիմք է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար։
(7-րդ հոդվածը խմբ. 18.04.25 ՀՕ-93-Ն)
(18.04.25 ՀՕ-93-Ն օրենքն ունի անցումային դրույթ)