Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
1. «Ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է.
Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու այդ վարչության կողմից իրականացվող գործառույթները:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեպքում` Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու այդ վարչության կողմից իրականացվող գործառույթները:
2. «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը և դրա Հավելվածը, կամ սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի ցանկացած լրացում:
3. «Ավիաընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած ավիատրանսպորտային ձեռնարկություն, որը առաջարկում կամ իրականացնում է միջազգային օդային փոխադրումներ:
4. «Նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է այն ավիաընկերությունը, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան:
5. «Օդանավ» տերմինը նշանակում է քաղաքացիական օդանավ:
6. «Օդային հաղորդակցություն» տերմինը նշանակում է չվացուցակով նախատեսված ցանկացած օդային հաղորդակցություն, որն իրականացվել է հասարակական տրանսպորտի օդանավով ուղևորների, ուղեբեռի, փոստի և բեռի փոխադրման նպատակով:
7. «Միջազգային օդային հաղորդակցություն» տերմինը նշանակում է ցանկացած օդային հաղորդակցություն, որն իրականացվում է մեկից ավելի երկրների տարածքով:
8. «Ոչ առևտրային նպատակներով վայրէջք» տերմինը նշանակում է վայրէջք, որը կատարվել է ցանկացած այլ նպատակով, բացառությամբ ուղևորների, ուղեբեռի, փոստի և բեռի բեռնաթափման կամ բեռնավորման:
9. «Տարողություն» տերմինը նշանակում է.
ա) օդանավի առնչությամբ` երթուղում կամ դրա մի մասում օդանավի հնարավոր բեռնաբարձությունը,
բ) օդային հաղորդակցության առնչությամբ` այդ չվագծում օգտագործվող օդանավի բեռնաբարձությունը բազմապատկած սահմանված երթուղում կամ նրա մասում որոշակի ժամանակահատվածի թռիչքների քանակով:
10. «Սակագին» տերմինը նշանակում է այն վճարները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների միջազգային փոխադրումների համար, և այն պայմանները, որոնց ներքո այդ վճարները կիրառվում են, ներառյալ պայմանները և գները` գործակալային և մյուս օժանդակ սպասարկումների համար, բայց բացառությամբ փոստի փոխադրման համար նախատեսվող վճարի ու պայմանների:
11. «Երթուղու չվացուցակ» տերմինը նշանակում է երթուղու չվացուցակ, որը կցված է սույն Համաձայնագրի Հավելվածին կամ լրացված է սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Երթուղու չվացուցակը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
12. «Սահմանված երթուղի» տերմինը նշանակում է երթուղու չվացուցակում նշված երթուղի: